Բաժին. Բիզնես

Apple-ը ՌԴ-ում 35%-ով բարձրացնում է iPhone-ի նոր մոդելների գները

Apple կորպորացիան Ռուսաստանում վերաբացում է իր պաշտոնական առցանց խանութը, բայց արդեն նոր գներով: Այսպես, iPhone սմարթֆոնների վերջին մոդելների գները բարձրացել են գրեթե 35%-ով:

Ընդ որում` նորացված խանութում թանկացել են Apple-ի բոլոր արտադրանքները: Օրինակ` iPhone 6-ը 39,9 հազար ռուբլուց թանկացել է մինչև 53,9 հազար ռուբլի, իսկ iPhone 6 Plus-ի գինն աճել է մինչև 61,9 հազար ռուբլու:

Mobile Research Group ընկերության վերլուծաբանները վստահեցնում են, որ մանրածախ գների նման մակարդակ նկատվում է ՌԴ ողջ տարածքում:

Apple-ի առցանց խանութի կայքը փակվել էր նախորդ շաբաթվա ընթացքում: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչն այն բացատրել էր ռուբլու փոխարժեքի աննախադեպ տատանումներով պայմանավորված` գների վերանայման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ Apple-ը նոյեմբերի 26-ից արդեն բարձրացրել էր իր արտադրանքի գները: Այն ժամանակ գնաճի մակարդակը կազմել էր միջինում 15-20%:

Share