Բաժին. Բիզնես

Մեդիամագնատ Դեսմոնդը վաճառում է բրիտանական Daily Express-ը

Բրիտանացի հայտնի մեդիամագնատ Ռիչարդ Դեսմոնդը մտադիր է վաճառել Daily Express-ը: Վերլուծաբանների կանխատեսումներով` վաճառքը կդառնա ոլորտում վերջին 10 տարվա մեջ ամենախոշոր գործարքը Մեծ Բրիտանիայում, գրում է Financial Times պարբերականը:

Դեսմոնդը Barclays բանկին (որի հետ նա ունի երկարատև գործնական հարաբերություններ) հանձնարարել է Daily Express-ի համար

գնորդներ գտնել: Հնարավոր թեկնածուների թվում նշվում են Trinity Mirror ընկերությունը, որը թողարկում է Daily Mirror թերթը և Ռուփերթ Մերդոքի News Corp. կորպորացիան, որին Միացյալ Թագավորությունում պատկանում է The Sun պարբերականը:

Երբ 2000 թվականին մեդիամագնատը գնեց Daily Express-ը, խոստացավ, որ հրատարակությունը կդառնա Daily Mail-ից էլ հայտնի: Այդուհանդերձ, թերթը շարունակեց դժվարություններ կրել ոլորտում, իսկ տպաքանակը վերջին տասնամյակում գրեթե կրկնակի կրճատվեց` հասնելով մինչև 500 հազար օրինակի:

Վերլուծաբանների գնահատականով` թերթային բիզնեսը Մեծ Բրիտանիայում աստիճանաբար վերականգնվում է: Այսպես, News Corp.-ի կազմում գտնվող The Times-ը 2001-ից ի վեր առաջին անգամ սկսել է ցուցադրել օպերացիոն շահույթ, իսկ The Independent-ն ու The Guardian-ը այլևս օպերացիոն վնասով չեն աշխատում:

Share