Բաժին. Բիզնես

2014-ին Hyundai Motor-ի զուտ շահույթը նվազել է 15%-ով

Կորեական ավտոարտադրող Hyundai Motor ընկերության զուտ շահույթը 2014 թվականի արդյունքներով կրճատվել է 14,9%-ով և կազմել 7,05 մլրդ դոլար:

Վաճառքներից ստացված շահույթն ավելացել է 2,2%-ով` գերազանցելով 82,1 մլրդ դոլարը, գործառնական շահույթը կրճատվել է 9,2%-ով և կազմել 6,96 մլրդ դոլար:

Ընկերության հաղորդագրությունում ասված է, որ վաճառքները հնարավոր է եղել ավելացնել Genesis և Sonata ապրանքանիշների նոր մոդելների թողարկմամբ, «սակայն ընկերության եկամուտների գոյացմանը բացասաբար է անդրադարձել ուժեղ վոնան և արժութային անբարենպաստ իրավիճակը»:

2015-ին կորեական ավտոարտադրողը մտադիր է իրացնել 5,05 մլն ավտոմեքենա, որից 4,36 միլիոնը` արտերկրի շուկաներում:

Hyundai Motor կոնցեռնը, որը ներառում է նաև Kia Motors ընկերությունը, հանդիսանում է հինգերորդ խոշորագույն ավտոարտադրողն աշխարհում: 2014թ. ընկերությունն իրացրել է 4,96 մլն մեքենա, ինչը 4,8%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը:

Share