Բաժին. Բիզնես

Canon-ը 2,8 մլրդ դոլարով ձեռք է բերում Axis-ը

Ֆոտոապարատների և տեսախցիկների արտադրության համաշխարհային առաջատար ճապոնական Canon ընկերությունը հայտարարել է շվեդական Axis Communications-ը 23,6 մլրդ շվեդական կրոնով (2,8 մլրդ դոլար) ձեռք բերելու մասին: Ընդ որում` այս գործարքը խոշորագույնն է Canon-ի պատմության մեջ:

Շվեդական Axis-ը արտադրում է տեսահսկող սարքավորումներ, որոնք մասնավորապես կիրառվում են խաղատներում և առևտրային կենտրոններում: Քանի որ Canon-ը ունի նմանատիպ ստորաբաժանում, ուստի տվյալ շուկան իր համար հեռանկարային է համարում:

4-րդ եռամսյակում Axis-ի օպերացիոն շահույթն ավելացել է 20%-ով: Ընկերության եկամուտների գրեթե կեսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին, իսկ 40%-ը` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներին:

Ֆոտոապարատների և տեսախցիկների նկատմամբ պահանջարկի ընդհանուր թուլացման ֆոնին Canon-ը փորձում է իր բիզնեսը դիվերսիֆիկացնել տպիչների և համակարգչային աքսեսուարների արտադրության գծով` հավելելով լրացուցիչ ծառայություններ, նկատում է Bloomberg-ը:

Ֆոտոապարատների վաճառքից ընկերության եկամուտները նվազում են արդեն 3 ֆինանսական տարին անընդմեջ, քանի որ ավելի մեծ թվով սպառողներ այսօր օգտվում են սմարթֆոնների ընձեռած հնարավորություններից:

Share