Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը և վաճառքի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Հադդադը ամփոփեցին և ներկայացրեցին ՏՏ բնագավառում երկու ընկերությունների համագործակցության արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնություններն ու գաղափարները:
Նշենք, որ «Կալիքս»-ը ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար: «Կալիքս»-ի միջոցով աշխարհի ծառայություն մատուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցանցերը և իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:
Ինչպես հայտարարվեց ասուլիսի ժամանակ՝ ամերիկյան «Կալիքս» ընկերության հետ համատեղ «Յուքոմ»-ն այս տարի կատարելու է մի շարք վերազինման աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խնդիրներ, որոնք երբեմն անհանգստացնում էին Յուքոմի բաժանորդներին, կմնան անցյալում: Բաժանորդների հետ կապը ամրապնդելու նպատակով մոտ երկու անգամ կմեծացվի տեխնիկական աջակցման բաժնի անձնակազմը, որպեսզի բաժանորդին հուզող յուրաքանչյուր հարց կարողանա լուծում ստանալ նվազագույն ժամանակում: Ընկերությունը խոստանում է, որ դա կարող է կազմել առավելագույնը 18 ժամ: