Բաժին. Բիզնես

Forbes-ը Մայքլ Ջորդանի կարողությունը գնահատել է 1 մլրդ դոլար

Հեղինակավոր Forbes ամսագիրը միլիարդատերերի տարեկան վարկանիշում այս անգամ ընդգրկել է նաև «Չիկագոյի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին: Նկատենք, որ պաշտպանը տվալ վարկանիշում ներառված առաջին մարզիկ-միլիարդատերն է:

Forbes-ը 52-ամյա ամերիկացու կարողությունը գնահատել է 1 մլրդ դոլար: Իր եկամուտների գերակշիռ մասը Ջորդանը ստանում է հովանավորներից: Օրինակ` 2013-ին Nike-ի հետ համագործակցության արդյունքում նրա եկամուտը կազմել է 75 մլն դոլար:

Forbes-ի հրապարակած վարկանիշում առաջատարը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է` 79,2 մլրդ դոլար կարողությամբ: Թոփ տասնյակում են հայտնվել հեռահաղորդակցության ոլորտի մագնատ, մեքսիկացի Կարլոս Սլիմ Հելուն (77,1 մլրդ դոլար), հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը (72,7 մլրդ դոլար), Zara-ի համահիմնադիր Ամանչիո Օրտեգան (64,5 մլրդ դոլար), Oracle-ի հիմնադիր-ղեկավար Լարի Էլիսոնը (54,3 մլրդ դոլար), Koch Industries-ի բաժնետերերից Չարլզ Կոխը (42,9 մլրդ դոլար), Դեյվիդ Կոխը (42,9 մլրդ դոլար), Wal-Mart-ի համանախագահ Քրիսթի Ուոլթոնը (41,7 մլրդ դոլար), Wal-Mart-ի տնօրենների խորհրդի անդամ Ջիմ Ուոլթոնը (40,6 մլրդ դոլար) և L’Oreal-ի հիմնական բաժնետերերից Լիլիան Բեթենքորթը (40,1 մլրդ դոլար):

Share