Բաժին. Բիզնես

Sotheby's-ի զուտ շահույթը 18,5%-ով կրճատվել է

Բրիտանական Sotheby’s աճուրդի տան զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում կրճատվել է 18,5%-ով, ինչը պայմանավորված է եղել նոր տնօրեն փնտրելու արդյունքում կատարված ծախսերի էական աճով: Նկատենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Sotheby’s ընկերությունը հայտարարել էր գլխավոր տնօրեն Ուիլյամ Ռուպրեխտի հրաժարականի մասին, ով 14 տարի ղեկավարել էր աճուրդի տունը:

Ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` հոկտեմբեր-դեկտեմբերին զուտ շահույթը կազմել է 74 մլն դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածում նկատված 90,8 մլն դոլարի համեմատ:

Անցած տարվա ընթացքում Sotheby’s-ը արձանագրել է աճուրդի վաճառքներից ստացված ռեկորդային գումար` մինչև 6,1 մլրդ դոլարի չափով:

Ժամանակակից արվեստի գործերի վաճառքից ստացված եկամուտների ծավալն աճել է 20,3%-ով` մինչև 1,7 մլրդ դոլար: Իմպրեսիոնիստական և մոդեռնիստական աշխատանքների վաճառքն ավելացել է 26,7%-ով` աճուրդի տանը բերելով 1,4 մլրդ դոլարի եկամուտ, իսկ ոսկերչական իրերից` 602,5 մլն դոլարի եկամուտ:

Share