Բաժին. Բիզնես

Lufthansa-ն արձանագրել է շահույթի շեշտակի անկում

Գերմանական Lufthansa ընկերության զուտ շահույթը 2014թ. արդյունքներով նվազել է 82%-ով (5,7 անգամ)` կազմելով 55 մլն եվրո` 2013-ին արձանագրված 313 մլն եվրոյի համեմատ:

Եվրոպական երկրորդ խոշոր ավիաընկերության EBIT ցուցանիշը կրճատվել է 48,5%-ով` մինչև 459 մլն եվրո, իսկ EBITDA-ն` 25,5%-ով (1,99 մլրդ եվրո):

Նախորդ տարվա ընթացքում ավիափոխադրողի եկամուտները նվազել են ընդամենը 0,1%-ով` մինչև 30,011 մլրդ եվրո` 2013-ին նկատված 30,027 մլրդ եվրոյի դիմաց:

2014-ին Lufthansa-ն փոխադրել է 105,988 մլն ուղևոր, ինչը 1,3%-ով բարձր է 2013-ի ցուցանիշից: Չվերթերի ծանրաբեռնվածությունը 79,8%-ից ավելացել է մինչև 80,1%: Միևնույն ժամանակ` բեռների փոխադրման ընդհանուր ծավալը նվազել է 2,1%-ով (1,924 մլն տոննա):

Գերմանական ավիափոխադրողի շուկայական արժեքը նախորդ տարում ցուցադրել է 10,3% անկում: Նշենք, որ Lufthansa խմբին է պատկանում նաև Austrian Airlines, Swiss Airlines, Germanwings ավիաընկերությունները, ինչպես նաև մասնաբաժին` Brussels Airlines-ում և ամերիկյան JetBlue-ում:

Նախորդ տարեվերջին ընկերության աշխատակիցների թիվը կազմել է մոտ 118,8 հազար:

Share