Բաժին. Բիզնես

Pinterest-ի կապիտալիզացիան հասել է 10 մլրդ դոլարի

Pinterest սոցիալական ցանցը հայտարարել է ներդրումների նոր փուլի մեկնարկի մասին: Սրանով ընկերությունը կհամարվի աշխարհի խոշորագույն սթարթափներից մեկը: Նախագիծն արդեն հասցրել է ներգրավել 367 մլն դոլար և հնարավոր է ներգրավի ևս 211 մլն դոլար:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ` ընկերությունը մտադիր է ընդհանուր առմամբ ստանալ 578 մլն դոլար, որոնք կուղղվեն ծառայության միջազգային զարգացման աշխատանքներին: Նոր ներդրողների անունները նախագիծը դեռևս չի հայտարարել:

Ընդ որում` Pinterest-ի կարճ պատմության մեջ ներդրումների ընթացիկ փուլն արդեն յոթերորդն է: Նախորդ տարվա մայիսին այն հաջողացրել է ներգրավել 200 մլն դոլարի միջոցներ` դրանով իր շուկայական արժեքը հասցնելով մինչև 5 մլրդ դոլարի: 

Ներկայում Pinterest-ը այն հազվադեպ սթարթափներից է, որի կապիտալիզացիան գնահատվում է 10 մլրդ դոլար: The Wall Street Journal-ի տվյալներով` ներկայում այդպիսի հայթեք ընկերությունները թվով ինն են: 10 մլրդ դոլարի շեմն անցել են Uber Technologies և Snapchat ծառայությունները, իսկ ամենաթանկ մասնավոր ընկերությունը չինական Xiaomi-ն է:

Pinterest-ը սոցիալական համացանցային ծառայություն է, որը Facebook-ի և Twitter-ի հետ միասին համարվում է ԱՄՆ-ում ամենաշատ հաճախելիություն ունեցող սոցցանցը:

Ծառայությունն իր աշխատանքներն է սկսել 2009-ին, իսկ անվճար գրանցումը մեկնարկել է միայն երեք տարի անց: 2014-ին ԱՄՆ սահմաններից դուրս Pinterest-ի օգտատերերի թիվը կրկնապատկվել է և այժմ կազմում է սոցիալական ցանցի ընդհանուր լսարանի ավելի քան 40%-ը, այն դեպքում, երբ 2013-ին այդ ցուցանիշը միայն 28% էր:

Share