Բաժին. Բիզնես

Angry Birds-ի շահույթը նվազել է

Ֆիննական Rovio Entertainment ընկերությունը, որն առավել հայտնի է բջջային սարքավորումների համար նախատեսված իր Angry Birds ճանաչված խաղի մշակմամբ, հայտնել է շահույթի և եկամուտների նվազման մասին` արտոնագրերի և ֆիրմային արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների կրճատման ֆոնին:

Ինչպես նշված է ընկերության հաղորդագրությունում, նախորդ տարում օպերացիոն շահույթը կազմել է 10 մլն եվրո` դրանից մեկ տարի առաջ նկատված 36,5 մլն եվրոյի դիմաց: Եկամուտները 173,5 մլն եվրոյից նվազել են մինչև 158,3 մլն եվրո:

Բացասական դինամիկան մեղմացնելու նպատակով Rovio-ն 2014-ին որոշեց կրճատել մոտ 110 աշխատակցի կամ անձնակազմի 14%-ը, ինչպես նաև փոխել գլխավոր գործադիր տնօրենին: Այժմ Մայքլ Հեդի փոխարեն ընկերությունը ղեկավարում է Պեկկա Ռանտալան: Այս քայլը մասամբ դրական արդյունքներ տվեց. Rovio-ն վճարովի խաղերի մշակումից (երբ ներբեռնելիս վճարում են որոշակի գումար) անցավ «պայմանականորեն անվճար» խաղերի մշակմանը (ներբեռնելն անվճար է, սակայն խաղի ընթացքում բոնուսներ շահելու համար անհրաժեշտ է կատարել ոչ մեծ վճարումներ), ինչի արդյունքում` խաղային հատվածն ընկերության եկամուտները 95,2 մլն եվրոյից ավելացրեց մինչև 110,7 մլն եվրո:

Նկատենք, որ Rovio Entertainment Ltd. (կամ Rovio) ընկերությունը հիմնադրվել է 2003-ին: Այցեքարտը համարվում է լայն ճանաչում ձեռք բերած Angry Birds-ը, որը թողարկվել է 2009-ին և ընդհանուր առմամբ` ներբեռնվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ:

Share