Բաժին. Բիզնես

Nike-ի եռամսյակային շահույթն ավելացել է 16%-ով

Սպորտային ապրանքների խոշորագույն արտադրող Nike ընկերության զուտ շահույթը 2015թ. փետրվարի 28-ին ավարտված երրորդ եռամսյակում ցուցադրել է 16% աճ` մինչև 791 մլն դոլար: 2014 ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում ամերիկյան ընկերության այս ցուցանիշը եղել է 682 մլն դոլար:

Nike-ի եկամուտներն ավելացել են 7%-ով` մինչև 7,5 մլրդ դոլար` չարդարացնելով սակայն փորձագետների սպասելիքները ( 7,6 մլրդ դոլար):

Ընկերության ֆինանսական ցուցանիշներն աճել են առավելապես Հյուսիսային Ամերիկայում վաճառքների աճի հաշվին, որոնք նախորդ եռամսյակում աճել են 6%-ով և կազմել 3,25 մլրդ դոլար: Պատվերների ընդհանուր ծավալը այդ տարածաշրջանում աճել է 11%-ով: Ընդ որում` Consensus Matrix հետազոտական ընկերության կողմից հարցված փորձագետները ակնկալում էին 11,6%: Չինաստանում Nike-ի վաճառքի ցուցանիշները հաշվետու եռամսյակում աճել են 22%-ով:

Ընկերությունում նկատում են, որ ամերիկյան դոլարի փոխարժեքի ամրապնդումը բացասաբար է ազդել արտերկրի ցուցանիշների վրա: Այսպես, Եվրոպայում եռամսյակային վաճառքները ավելացել են 10%-ով, սակայն, եթե չլիներ դոլարի փոխարժեքի բարձրացումը, ապա այդ ցուցանիշը կկազմեր 21%:

Share