Բաժին. Բիզնես

The Walt Disney-ը Հոլիվուդի ամենաշահութաբեր ընկերությունն է ճանաչվել

The Hollywood Reporter շաբաթաթերթի հաղորդմամբ` 2014թ. արդյունքներով The Walt Disney-ը Հոլիվուդի ամենաշահութաբեր ընկերությունն է ճանաչվել:

Անցյալ տարվա ընթացքում The Walt Disney-ը ստացել է 1,7 մլրդ դոլարի շահույթ, ինչը հոլիվուդյան վեց հսկաների շարքում առավելագույն ցուցանիշն է, նկատում է թերթը: Միաժամանակ, տեղի է ունեցել առաջատարների տեղափոխություն, երբ չորս տարի անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցրած The Warner Brothers կինոընկերությունը ետ է մղվել երրորդ տեղ` տարեկան 1,3 մլրդ դոլար զուտ շահույթով: Երկրորդ տեղում հայտնվել է XXth Century Fox-ը` 1,5 մլրդ դոլար ցուցանիշով: The Hollywood Reporter-ի` թվով հինգերորդ տարեկան վարկանիշում պատվավոր հորիզոնականը զբաղեցրած The Walt Disney-ին մեծապես օգնել է «Սառը սիրտը» ֆիլմը, որի արտադրության համար ծախսվել է 150 մլն դոլար, մինչդեռ` վարձույթից ստացված եկամուտները գերազանցել են 1,273 մլրդ դոլարը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում NBC Universal ընկերությունն է` 771 մլն դոլար շահույթով, իսկ հինգերորդում` Sony Pictures-ը` 552 մլն դոլար ցուցանիշով: Վեցյակը եզրափակում է Paramount Pictures-ը (219 մլն դոլար):

Թերթը նկատում է, որ ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ում 2014-ին կինովարձույթից ստացված եկամուտները նվազել են 5,2%-ով:

Share