Բաժին. Բիզնես

Prada-ի շահույթը 28%-ով նվազել է

Իտալական Prada SpA նորաձևության տան զուտ շահույթը հունվարի 31-ին ավարտված ֆինանսական տարվա ընթացքում նվազել է 28%-ով կամ 1,4 անգամ` 2013թ. ստացված 627,8 մլն եվրոյի համեմատ կազմելով 450,7 մլն եվրո: Ցուցանիշը նվազել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայում վաճառքների անկման ֆոնին:

Տարեկան եկամուտները նվազել են 1%-ով` մինչև 3,55 մլրդ եվրո: Համեմատության համար` 2013-ին Prada-ի եկամուտներն ավելացել են 9%-ով, իսկ 2012-ին` 29%-ով:

Ֆինանսական չորրորդ եռամսյակում (նոյեմբեր-հունվար) իտալական ընկերության եկամուտները 1,01 մլրդ եվրոյից անկում են ապրել մինչև 999,7 մլն եվրո:

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Prada-ի վաճառքներն արձանագրել են 7% անկում, իսկ Եվրոպայում ցուցանիշն աննշան նվազել է: ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Ճապոնիայում վաճառքների աճը կազմել է համապատասխանաբար` 7%, 9% և 13%:

Prada ապրանքանիշի ապրանքների վաճառքը, որն ապահովում է նորաձևության տան եկամուտների առյուծի բաժինը (80%), նախորդ ֆինանսական տարում նվազել է 2%-ով` մեկ տարի առաջ ցուցադրած 32% աճից հետո: Miu Miu ապրանքանիշի վաճառքներն աճել են 4%-ով:

Share