Բաժին. Բիզնես

Գորիսում գործարկվել է Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչ համակարգը

Գորիսի Դիանա հյուրանոցում գործարկել է Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը: 1900 վակուումային խողովակներից բաղկացած այս համակարգը ապահովում է 200 խորանարդ մետր լողավազանի և 45 հյուրանոցային սենյակների համար տաք ջուր:

Արևային էներգետիկան հսկայական ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով, իսկ հանածո էներգառեսուրսների բացակայության և ներկրումից կախվածության հանգամանքը արևային էներգետիկան դարձնում  է ռազմավարական, ազգային անվտանգության հետ կապված խնդիր: Այդ ոլորտում ամենաշահեկան ներդրումը արևային ջրատաքացման տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են ամենաարագ հետգնում: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ անկախ օդի ջերմաստիճանից, միայն թե երկնքում տեսանելի լինի արևը:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում նմանատիպ նախագծերի  իրականացմանը. այնտեղ բարեկեցությունն ավելի ցածր է, իսկ խնդիրներն՝ ավելի սուր թե բնակչության և թե բիզնեսի համար: Դիանա հյուրանոցի օրինակը յուրահատուկ է նաև նրանով, որ ֆինանսավորվել է մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգ  ՓԲԸ  կողմից: Ներկա պահին դա ամենախոշոր նման նախագիծն է Հայաստանու. մենք վստահ ենք, որ այն միակը չի լինի», – նշեց ՇՏԻԳԵՆ ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներին. այդ նպատակով մենք գործարկել ենք Կանաչ լիզինգ ենթաբռենդը: Մենք կարևորում ենք ուղղությունը թե բիզնեսում արդյունավետության բարձրացման, թե բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից և շարունակելու ենք այս ուղղությամբ Շտիգեն ընկերության հետ սերտ համագործակցությունը», – ասաց ԱԳԲԱ Լիզինգ ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանը:

Share