Բաժին. Բիզնես

Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 8-րդ անգամ, իր շուրջն է համախմբում նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ առաջարկող ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիական զարգացման ձեռքբերումները, նորագույն մոտեցումներն ու լուծումները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություն¬ներից մեկն է: Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության արդյունքում հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և դրանով իսկ նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:

2014 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում արդեն այս տարվանից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Մենք հետևողական ենք ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»: Ամփոփելով ելույթը՝ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը և գործընկերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է ֆորումին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, ծառայություններին և նոր գաղափարներին:

Նշենք, որ ամենամյա ԴիջիԹեք 8-րդ բիզնես ֆորումին մասնակցում է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն: Այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխություն. տարբեր անվանակարգերով մրցանակ է շնորհվելու ոչ ՏՏ ոլորտի՝ իրենց գործունեության մեջ առաջատար տեխնոլոգիական լուծումները հաջող կիրառող 10 ընկերության:

Share