Բաժին. Բիզնես

Սամվել Կարապետյանը գնե՞լ է Հայաստանի Էլեկտրական Ցանցերը. էլեկտրաէներգիան չի՞ թանկանա

«Սամվել Կարապետյանը գնում է ՀԷՑ-ը. փաստը հաստատվեց» վերնագրով հրապարակման մեջ news-book.am կայքը տեղեկացնում է, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը վերջապես գնել է Հայաստանի Էլեկտրական ցանցերը:

«Քիչ առաջ մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ վերջապես տեղի է ունեցել համաձայնություն ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի և «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի միջև: Սամվել Կարապետյանը գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ այսպիսով փրկելով Ռուսաստանին և թույլ չտալով, որ ընկերությունն ազգայնացվի:

Սամվել Կարապետյանն իր հերթին մի շարք պահանջներ է դրել «ՌԱՕ ԵԷՍ»-ի և Ռուսաստանի կառավարության առջև: Այն է, անցկացնել միջազգային աուդիտ, ուսումնասիրել բոլոր խախտումները, հատկացնել նոր ֆինանսական միջոցներ՝ ներդրումները խթանելու և վարկային պայմանավորվածությունները կատարելու համար:

Սամվել Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանի հետ և խոստացել, որ կպահպանի էլեկտրաէներգիայի նախկինում սահմանված սակագինը: Այսինքն, էլեկտրաէներգիան չի թանկանա», – գրում է կայքը:

Վերոնշյալ լուրն արագորեն տարածվեց համացանցում: Քիչ առաջ Մեդիամաքս գործակալությունը տարածեց տեղեկատվություն, որտեղ «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը հերքում է Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելու փաստը:

Մեր կողմից հավելենք, որ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերն արդեն մի քանի ամիս է ինչ շրջանառվում են: Որոշ լուրերի համաձայն հայազգի հայտնի գործարարը ՀԷՑ-ը գնելու է ամբողջությամբ, որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ խոսքը միայն 50% բաժնեմասի ձեռբերման մասին է:

Share