Բաժին. Բիզնես

Վարչապետն ընդունել է «Քեյ Ջի Քեյ» հնդկական խոշոր ընկերության տնօրեն Սանջայ Քոթարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հնդկական «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության տնօրեն Սանջայ Քոթարիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 15 երկրներում և մասնագիտացված է ադամանդագործության, ոսկեգործության և հանքարդյունաբերության ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու մտադրությունը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել ընկերության յուրաքանչյուր նախաձեռնություն և օժանդակել տարբեր հարցերում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ-ն այս տարվա հունվարի մեկից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա «Քեյ Ջի Քեյ»-ին մուտք գործել նաև եվրասիական 170 միլիոնանոց շուկա:

Սանջայ Քոթարին շնորհակալություն է վարչապետին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ իրենք մեծապես շահագրգիռ են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Կողմերը վստահություն են հայտնել, որ «Քեյ Ջի Քեյ» ընկերության մուտքը մեր երկիր կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Share