Բաժին. Բիզնես

Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը կսկսի սեպտեմբերի 7-ից

Չնայած արձանագրած ֆինանսական ոչ բարենպաստ պայմանների այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող: Խաղողի մթերման համար այս տարի ընկերությունը տրամադրելու է ավելի քան 5 մլրդ դրամ:

Սեպտեմբերի 7-ին մթերումը  կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 8-ին Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ) և 14-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում: 

Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցող յուրաքանչյուր խաղողագործ նախապես տեղեկացված է իր բերքի հանձման օրվա, ժամի և քանակի մասին:

Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է մոտ 250 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը, մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը շահագործման կհանձնի Արմավիրի մասնաճյուղի թորման նոր ընդլայնված արտադրամասը, որն արդեն հագեցած է 3 խումբ շարանտական տիպի թորման սարքերով: Սարքերը, որոնց քանակը ապագայում նախատեսվում է հասցնել 8-ի, արտադրված են հարյուրամյա փորձ ունեցող ֆրանսիական Շալվինյակ Գրուպ (Chalvignac Group) ընկերության  կողմից: Նոր արտադրամասի կառուցապատման և սարքավորումներով զինման աշխատանքների ընդհանուր ներդրումը կազմել է 1 635 մլն. ՀՀ դրամ: Թորման աշխատանքներն այստեղ կմեկնարկեն նոյեմբերի 1-ին: Այս պահի դրությամբ նոր սարքավորումները  միտված են ոչ թե փոխարինել, այլ համալրել մասնաճյուղում առկա թորման հզորությունները:    

Share