Բաժին. Բիզնես

Սիլիկոնյան հովտի վենչուրային կապիտալիստները կաշխատեն հայ ձեռներեցների հետ

Սթիվ Ջոբսի և այլ փորձառու ձեռներեցների հետ աշխատած՝ Սիլիկոնյան հովտի վենչուրային կապիտալիստները Հայաստան են ժամանում՝ հայկական ձեռներեցներին և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին փոխանցելու բիզնես ծրագիրը պատշաճ ներկայացնելու և բիզնեսի զարգացման համար ներդրումային միջոցներ հայթայթելու իրենց փորձը: «Ինչպես ներկայացնել բիզնես ծրագիրը ներդրողներին» եռօրյա սեմինարը, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-19 «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում, կազմակերպվում է CEED Armenia-ի («Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման» կենտրոն) և Deem Communications-ի կողմից ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Սեմինարի նպատակն է բացահայտել ներդրումների հայթայթման գաղտնիքները: Սեմինարի ընթացքում խոսնակները կքննարկեն մասնակիցների հետ շուկան հասկանալու և արդյունավետ մուտք գործելու, ինչպես նաև բիզնեսի զարգացման ռազմավարության և ֆինանսական տարրերի հետ կապված մի շարք գաղափարներ: Խոսնակները կօգնեն մասնակիցներին զարգացնել բիզնես գաղափարները մշակելու և հնարավոր ներդրողների ուշադրությունը գրավելու իրենց հմտությունները: Սեմինարը հատկապես օգտակար է այն ձեռներեցների համար, ովքեր իրենց բիզնեսի աճի համար փորձում են վենչուրային
կապիտալ ներգրավել:

Սեմինարի խոսնակներն են Սիլիկոնյան հովտի փորձառու վենչուրային կապիտալիստներ Ռոջեր Ստրաուքը և Ռոնալդ Ուայսմանը, ովքեր ֆոնդեր են հայթայթել ավելի քան տասնյակ ընկերությունների հիմնադրման համար և դարձրել են այդ ընկերությունները շուկայի մրցունակ ակտորներ:

«Ինչպես ներկայացնել բիզնես ծրագիրը ներդրողներին» եռօրյա սեմինարին գրանցման վերջնաժամկետն է 2015թ. նոյեմբերի 10-ը: Գրանցման համար այցելել http://ceedarmenia.org/theperfectpitch/ կամ զանգահարել +374 94 44 33 36 հեռախոսահամարով:

Share