Բաժին. Բիզնես

Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը

Նոյեմբերի 13-ին Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը, որն անցկացվում է «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն ֆորումի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ նման միջոցառումները փորձի փոխանակման ու գործարար կապեր ստեղծելու նախադրյալներ են ստեղծում։ Պետության խնդիրն է առաջարկել երկրում ՏՏ ոլորտի խթանման ծրագրեր ու մարտավարություններ, սակայն ձեռներեցները նույնպես պետք է ակտիվ լինեն և ներդրում կատարեն ոլորտի զարգացման գործում:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ  ինովացիան երկրի, կազմակերպության զարգացման կարեւորագույն գործիքն է: Միությունը պետք է աջակցի լավագույն ինովացիոն գաղափարների զարգացմանը եւ նպաստի սթարթափերի ստեղծմանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, խոսելով ֆորումի առանցքային հիմնախնդիրների մասին, նշեց. «Հայաստանը գլոբալ ինովացիոն ինդեքսում 61-րդ տեղն է զբաղեցնում: Այս վարկանիշը պայմանավորվում է 79 տարբեր ինդիկատորների միջոցով, որոնք խմբավորված են 7 ուղղությունների մեջ: Մենք ավելի լավ վիճակում ենք գիտելիքի ու տեխնոլոգիաների արտադրության առումով և շատ ավելի վատ վիճակում ենք մարդկային կապիտալի ու գիտահետազոտական ոլորտներում»:

Բիզնես ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակ՝ Իսրայելի Թել Ավիվի համալսարանի StartTau Ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրեն Ելենա Դոնեթսն ընդգծեց. «Ինովացիոն երկրների սանդղակում Իսրայելը նախկինում ցածր դիրք էր գրավում: Բայց այսօր Իսրայելը Սիլիկոնյան հովտից հետո համարվում է հաջորդ բարենպաստ վայրը սթարթափեր ստեղծելու համար»: Դոնեթսը նաեւ նշեց, որ պետք չէ վախենալ ձախողումներից: Ըստ իսրայելցի ձեռներեցի՝ ձախողումը հաջողություն է եւ պետք է դասեր քաղել:

Ֆորումին մասնակցում են հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական ու ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակից, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Բիզնես ինովացիոն ֆորումի օրակարգի հիմնական ուղղություններն են՝ 

– ինովացիոն էկոհամակարգեր
– ինովացիա և կրթություն
– ինովացիա և ձեռներեցություն։

Երկօրյա ինովացիոն ֆորումի շրջանակներում ներկայացվում է տեղական և համաշխարհային փորձը, ծավալվում են գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և ձեւավորվում համապատասխան լուծումներ Հայաստանը միջազգային շուկայում որպես նորարար երկիր ճանաչելի դարձնելու նպատակով:

Բիզնես ինովացիոն ֆորումը կշարունակվի միչև նոյեմբերի 14-ը: Ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվող անձինք մասնակցության համար կարող են դիմել կազմակերպիչներին:

Արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը, հովանավոր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA):

Share