Բաժին. Բիզնես

Սկսվել է «Վանաձոր- Քիմպրոմի» պարտքի մարումը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ սկսվել է «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության աշխատողների աշխատավարձի կուտակված պարտքի մնացած մասի մարումը։

Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ընկերության ղեկավարության հետ համատեղ դեռևս երկու ամիս առաջ սկսեց միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի պարտքերը մարելու ուղղությամբ։

Ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին առաջին փուլում մարվեց աշխատավարձերի երկու ամսվա պարտքը։ Ինչպես որ խոստացվել էր, դեկտեմբերի 15-ին կավարտվի նաև պարտքի մնացած մասի վճարումը։  Աշխատավարձերի գծով նախորդ 11 ամիսներին ընկերությունում կուտակված պարտքի դիմաց ընդհանուր առմամբ կվճարվի շուրջ 340 մլն դրամ։

Այս ընթացքում «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ իրականացվել են նաև համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն առաջիկայում կներկայացվեն կառավարությանը։

Share