Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ գործարանը 4,5 անգամ ավելացրել է արտադրանքի արտահանումը Եվրամիություն

2015 թվականին ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը, որը աշխարհում խոշորագույն ալյումին արտադրողներից մեկի՝ UC RUSAL կազմի մեջ է մտնում, թողարկել է 29 653 տոննա արտադրանք՝ 1,4% գերազանցելով 2014 թ. ցուցանիշը: Հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը Եվրամիության երկրներ աճել է 4,5 անգամ՝ հասնելով մինչև 16,4 հազար տոննայի:

Նոր շուկաների յուրացումն ուղեկցվել է առավել աշխատատար բարակ փայլաթիթեղի արտադրության ավելացմամբ 2,7 անգամ՝ հասնելով մինչև 1,9 հազար տոննայի, և փայլաթիթեղի միջին հաստության 15% նվազմամբ: Դրա հետ մեկտեղ 35% նվազել է սպառողների բողոքների թիվը և 25%՝ արտաքին խոտանը:

2015 թ. ձեռնարկությունում հաջող իրականացվել են արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Գործարկվել է քսա-սառեցնող հեղուկի գոլորշիների կլանման AIRPURE սարքավորումը, ՌՈՒՍԱԼ-ի բիզնես-համակարգի շրջանակներում 6,1% աճել է ձուլման վառարանների արտադրողականությունը: Գործարանի մասնագետների ուժերով արդիականացվել է փայլաթիթեղի երկայնական հատման մեքենան՝ նախատեսված նոր տեսակի արտադրանքի թողարկման համար:

Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատողների նյութական բարեկեցության բարելավմամբ: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է գրեթե 700 մարդ, որոնց միջին աշխատավարձը 2015 թ. կազմել է շուրջ 375 հազար դրամ (+2,2% 2014 թ. համեմատությամբ), ինչը երկու անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը:

Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը:

Share