Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Mercedes-Maybach S600 առաջատար ներկայացուցչական մոդելի զրահապատ տարբերակը

Հայտնի է, որ Mercedes-Benz-ի զրահապատ մոդելները տարբեր երկրների պետական գործիչների և խոշոր գործարարների առաջին ընտրությունն են։ Mercedes-Benz-ի կողմից թողարկված վերջին զրահապատ մոդելը S600 Guard-ն էր, որը ներկայացվել էր նախանցյալ տարի։ Մոդելի պաշտպանվածության աստիճանը VR6 կամ VR7 էր։

Ժնևյան ավտոսալոնում ներկայացվելիք Mercedes-Maybach S600-ի պաշտպանվածության մակարդակը հասնում է VR10 աստիճանի։ Մեքենայի նորարարություններից մեկն այն է, որ արտաքինից գրեթե անհնար է տարբերակել հասարակ և զրահապատ մոդելները։

Mercedes-Benz-ը սովորաբար տեղեկություններ չի տրամադրում զրահապատ մոդելներում կիրառված տեխնոլոգիաների մասին։ Սակայն պաշտպանվածության VR10 համակարգը նշանակում է, որ մեքենայի ապակիները կարող են դիմանալ ավտոմատային կրակահերթին: Մեքենան նաև ունի պայթուցիկ սարքերից պաշտպանվածության բարձր մակարդակ։

Գերմանիայում Mercedes-Maybach S600-ը կարժենա 470 000 եվրո։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share