Բաժին. Բիզնես

ՏՀՏ լիդերները քննարկել են ՏՏ վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը

Աղվերանում տեղի ունեցավ ՏՀՏ առաջնորդների հերթական հանդիպում-ֆորումը՝ նվիրված աշխատակիցների բաժնետիրացման իրավակարգավորմանը, մասնավորապես բաժնետոմսերի օպցիոնների տրամադրմանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի վարկային կազմակերպություն (միություն) հիմնելուն և սոցիալական ապահովագրության գումարները ոլորտում ներդնելուն:

Խոսնակները ներկայացրեցին Վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը, որի հիմքում ընկած են կոոպերատիվ հիմունքներով ՏՏ վարկային միավորում (Credit Union), կոոպերատիվ հիմունքներով ապահովագրական ընկերություն և առանձին ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու գաղափարները: Քննարկման մասնակիցներին ներկայացվեց ՏՏ ոլորտի ներգրավմամբ միջազգային առաջատարների, մասնավորապես՝ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և Կանադայում գործող կոոպերատիվ վարկային միությունների փորձը:

ԻՏՁՄ անդամ՝ «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությունը ներկայացրեց աշխատակիցներին բաժնետոմսերի օպցիոնների տրամադրման և բաժնետիրացման գործընթացի առանձնահատկություններն ու իրավական կարգավորումների հետ կապված բոլոր խնդիրները:

Քննարկումներն անցկացվեցին Ինֆորացիոն տեխնելոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 5 տասնյակից ավելի անդամների, Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարության ներկայացուցիչների, փորձագետների և մասնագետների մասնակցությամբ:

Ֆորումի շրջանակներում տեղի ունեցան նաև Հայաստանում առաջին ինտերնետ մատակարարներից  մեկի՝  «ՎԵԲ» ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները:

Հիշեցնենք, որ ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007թ-ից: ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:

ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը

Share