Բաժին. Բիզնես

3 տարվա ընթացքում «Ռոսիա» կինոթատրոնին կից բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի

Առաջիկա 2.5 տարում նախատեսվում է ավարտին հասցնել «Ռոսիա» կինոթատրոնի վերակառուցման ու հարակից տարածքներում բազմաֆունցիոնալ համալիր կառուցելու ծրագրերը: Դրանց արդյունքում շահագործման կհանձնվի բիզնես կենտրոն, հյուրանոցային համալիր ու ժամանացի կենտրոն, որի տանիքը լինելու է հարթ շահագործվող՝ մասնակի կանաչ տարածքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին մարտի 5-ի ն «Ռոսիա մոլ»-ի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ճարտարապետ Արտակ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառուցապատվող տարածքի ստորագետնյա հարկերն էլ ծառայելու են որպես ավտոկայանատեղի: «Ճարտարապետաշինարարական փաստաթղթերը դեռ ավարտված չեն, բայց, կարծում եմ, ծրագիրը կարող ենք 2.5 տարվա ընթացքում իրրականացնել»,-ասաց ճարտարապետը:

«Ռոսիա մոլ»-ի սեփականատեր, «Սիլ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն էլ վստահեցրեց, որ «Ռոսիա» կինոթատրոնի ավելի քան 45-ամյա շենքը մնալու է նույնը, պարզապես փորձելու են այն արդիականացնել: «Այսօր 2016 թվականն է, աշխարհում նորարարություններ են կատարվել, նոր գործիքներ կան, որոնցով հնարավոր է այսօրվա պահանջներին համապատասխան կառույց ստանալ: Մենք կթողնենք տեսքը, ինչպես կա, պարզապես առավել կարդիականացնենք, որ այսօրվա ժամանակին համահունչ լինի»,-ասաց Սուքիասյանը:

Նա նշեց, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են, ամրապնդման հարցերն են լուծվում, որպեսզի ապագա 100 տարվա ընթացքում խնդիրներ չառաջանան:

Share