Բաժին. Բիզնես

Արմենիա ավիաընկերություն․ արտասահմանում աշխատող հայ օդաչուներին Հայաստան վերադարձելու նպատակ կա

Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին: Նրա խոսքով` առաջին կանոնավոր չվերթը կմեկնարկի ապրիլի 21-ին Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով, իսկ գնալով թռիչքների աշխարահագրությունը կընդլայնվի: «Ավիաընկերությունն իր աշխատանքները կկազմակերպի այնպես, որ Հայաստանի բնակչությունը գոհ լինի, գներն էլ շատ բարձր չլինեն: Մենք ձգտում ենք ցածր գներ ապահովել այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Թամազ Գաիաշվիլին:

Ընկերության հայազգի բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով` «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կտա հայ օդաչուներին ու տեխնիկական  անձնակազմի աշխատակիցներին, ովքեր ներկայում աշխատում են արտասահմանում, վերադառնալ Հայաստան, ու աշխատել իրենց ընկերությունում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Ռոբերտ Հովհաննիսյանի հավաստմամբ` գները կլինեն այնպիսին, որ ՀՀ քաղաքացիներն առանց խնդրի գնեն տոմսեր ու թռչեն տարբեր ուղղություններով:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ: Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ այս արժեքում ներառված չեն հարկերը` Թամազ Գաիաշվիլին նկատեց, որ այդ տոմսերը պետք է գնել երկու ամիս առաջ, դրանք հետ վերադարձելի չեն լինելու, բացի այդ` արժեքում ներառված չի լինելու օդանավակայանի ծառայությունների մատուցման գինը: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով էլ` օդանավակայանի հարկի ավելացման դեպքումը նշյալ տոմսը կաժենա մոտ 100 եվրո:

Բաժնետերերը տեղեկացրին նաև, որ ավիաընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է շահագործել ութ ինքնաթիռ: «Ապրիլի սկզբին կունենանք երեք ինքնաթիռ, հունիս-հուլիսին ևս երկու, տարվա վերջում մոտ ութ ինքնաթիռ»,-ասաց  Թամազ Գաիաշվիլին:

Ընկերության բանետոմսերի 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին:

Share