Բաժին. Բիզնես

Վանաձորում կստեղծվի 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում գործադիրի որոշմամբ բավարարվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 2009թ.-ից Վանաձորում գործունեություն ծավալող «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է տոլինգային եղանակով` արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա` կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով: Ընկերությունն իր ամբողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Ֆաբրիկան 2016թ. նախատեսում է արտադրել 3մլն եվրոյի արտադրանք. ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Share