Բաժին. Բիզնես

ԻՏՁՄ․ կայացել է «BrainLab» բիզնես հարթակի առաջին հանդիպումը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սկիզբ է դրել նոր, «BrainLab» կոչվող հարթակի գործարկմանը: «BrainLab»-ը բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատ է: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

«BrainLab»-ի առաջին հյուրն ամերիկյան հանրահայտ «Կալիքս» ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ Դեյվիդ Սեդան է: «Կալիքս» ընկերությունը հեռահաղորդակցության և ծրագրային ապահովման  առաջատար մատակարարներից է: Մինչ այս, Դեյվիդը Սեդան 12 տարի աշխատել է Apple ընկերությունում՝ որպես մարքեթինգի պատասխանատու,  զբաղեցրել է նաև  Cisco և Hewlett Packard ընկերությունների վաճառքի և մարկետինգի տնօրենի պաշտոնը:

«BrainLab» առաջին հանդիպմանը մասնակցել են  BSC, CQG, EIF, Harmonia Foundation, Macadamian, Monitis, PicsArt, Ucom, VOLO, ինչպես նաև միջոցառման աջակից ArmAs ընկերությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Առաջիկայում «BrainLab»-ում կհյուրընկալվեն տեխնոլոգիական շուկայի առաջատար այլ ընկերությունների մասնագետներ:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

Share