Բաժին. Բիզնես

Անհատական համակարգիչների պահանջարկի անկման հետևանքով Intel-ը 12 հազար աշխատող կկրճատի

Ամերիկյան Intel կորպորացիան 12 հազար աշխատատեղ Է կրճատում՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը անհատական համակարգիչների շուկայում պահանջարկի անկումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ասված Է ընկերության հայտարարության մեջ:

Համակարգչային միկրոպրոցեսորների արտադրողը 1,2 մլրդ դոլար Է հատկացնում վերակազմման ծախսերը ծածկելու համար:

Կրճատման տակ Է ընկնում ընկերության աշխատողների մոտավորապես 11 տոկոսը. նրանց հեռացման հետ կապված գործընթացը կտեւի 12 ամիս, նշվում Է Intel-ի հայտարարության մեջ:  

Intel-ը հայտարարել Է, որ պլանավորում Է «արագացնել անհատական համակարգիչներ արտադրող ընկերությունից անցումը գլոբալ ցանցերի եւ միմյանց հետ կապված միլիարդավոր բարձրտեխնոլոգիական համակարգչային սարքերի մշակողի»:

Համակարգչային միկրոչիպերի աշխարհում խոշորագույն արտադրողը նաեւ նվազեցրել Է 2016 թվականին եկամուտների իր կանխատեսումը:

Ապրիլի 19-ին Ուոլ սթրիթում սակարկությունների փակումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրել են գնի մոտավորապես 2,5 տոկոսը: Իսկ ընդամենը տարեսկզբից Intel-ի բաժնետոմսերի արժեքը նվազել Է 8,4 տոկոսով:

IDC հետազոտական ընկերության տվյալներով՝ 2016 թվականի առաջին եռամսյակում անհատական համակարգիչների վաճառքների ծավալն ամբողջ աշխարհում կրճատվել Է 11,5 տոկոսով:

Share