Բաժին. Բիզնես

Աջակցություն կստանա հերթական ներդրումային ծրագիրը

Գործադիրի որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ըստ հիմնավորման՝ «Գրանտ» ՍՊԸ ձեռք է բերել Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը և սկսել վերականգնողական աշխատանքներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներդրումների ծավալը կազմում է 5 մլրդ դրամ, մինչև 2017թ. կստեղծվեն 250 աշխատատեղեր:

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը, ինչի արդյունքում օրենքով սահմանված դրույթներին համապատասխան պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորություններ չեն հաշվարկվի:

Գործադիրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում և այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացմանը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը: Որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքները կիրականացվեն փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշման, կազմում է 23,633.5 մլն դրամ, սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Որոշմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,500.0 մլն դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ:

Share