Բաժին. Բիզնես

ԴՎԻՆ հյուրանոցի վերակառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է 120 մլն դոլար

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագիրը կքննարկվի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Ըստ ծրագրի` նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է«լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար:

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է «Սի-Սի-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը, որը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատերը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 120 մլն դոլար:

Share