Բաժին. Բիզնես

«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության համար արդեն ընդունվում են հայտեր

ՀՀ վարչապետի 2016 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության համար արդեն ընդունվում են հայտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից, ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու և սատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ մի քանի անվանակարգերում: Մասնավորապես, ցանկացողները կարող են մրցել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար», «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգերում:

Մրցույթի սկզբունքներն են` յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի համար՝ իր ընտրությամբ, յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ մեկական Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, հաղթողների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի:

Մրցույթի մասին հայտարարությունը և յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձևերը տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության (http://www.mineconomy.am) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (http://www.smednc.am) կայքերում: Լրացված հայտաձևերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեով, մինչև 2016 թվականի մայիսի 23-ը:

Share