Բաժին. Բիզնես

Շաբաթական 4 չվերթներով «Qatar Airways»-ը Երևանը կկապի աշխարհի 150 քաղաքի հետ

Հայկական ավիաթռիչքների շուկա է մուտք գործում «Qatar Airways» ընկերությունը` Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ շաբաթական չորս թռիչքներով: Այսպիսով ընկերությունը Հայաստանը կկապի աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Ինչպես մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինը, դեպի Երևան ուղղությունն իրենց ընկերության այս տարվա 14 նշանակետերից մեկն է: «Մենք շարունակաբար զարգացնում ենք ուղևորափոխադրումների մեր ցանցը: Մենք Դոհայի միջոցով Երևանը կարող ենք կապել ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրոպայի հետ` տրամադրելով հարմարավետ թռիչք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դանլիվինը` ավելացնելով, որ նպատակ ունեն առաջիկայում թռիչքների հաճախականությունը դարձնել ամենօրյա:

Նրա խոսքով` դեպի Երևան չվերթները կիրականացվեն A320 օդանավով` տրամադրելով 2 դասի սպասարկում` 12 նստատեղ բիզնես և 132 նստատեղ էկոնոմ կարգով: Թռիչքի տևողությունը 3 ժամ է: Օդանավը հնարավորություն կընձեռի նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրում Երևանից Դոհա, ինչպես նաև ավիաընկերության չվերթների ամբողջ ցանցով: «Բեռնափոխադրումների շուկայում հանդիսանալով ամենամեծ փոխադրողներից մեկը` Հայաստանի արտահանման շուկան կարող ենք կապել աշխարհի 154 կետերի հետ»,-նշեց «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը:

Գնային քաղաքականությանն անդրադառնալով` Դանլիվինը խոստացավ, որ բարձր որակի ծառայությունները կզուգորդվեն մրցունակ գներով: Նրա խոսքով` իրենց գնային քաղաքականությունը շատ ճկուն է և մեկ թռիչքի ժամանակ կարող է առաջարկվել տոմսերի գների մինչև 30 տարբերակ: «Մենք համաշխարհային կարգի ծառայություններ կմատուցնեք մրցունակ գներով` հնարավորություն տալով Հայաստանի քաղաքացիներին թռչել տարբեր ուղղություններով»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է նրան, թե որքան կարժենա ամենաէժան ու ամենաթանկ տոմսը, ապա ամենաէժանը կսկսվի մեկ եվրո` գումարած սպասարկման ծառայությունների ու հարկերի արժեքը, իսկ ամենաթանկի մասին նախընտրեց լռել:

Հըուհ Դանլիվինը տեղեկացրեց, որ «Qatar Airways»-ը ներկայում ունի 13 դուստր ձեռնարկություն և 40 հազար աշխատակից: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանից էլ աշխատակիցներ կհավաքագրեն, այս պահին հայաստանյան անձնակազմը բաղկացած է 7 աշխատակցից:

«Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ուրախություն հայտնեց նման ավիաընկերության հայաստանյան մուտքի համար: Նա նկատեց, որ ինչպես «Qatar Airways»-ը սկզբում կառուցել է օդանավակայանը, հետո ավիաընկերությունը, այնպես էլ իրենք ստեղծել են միջազգային չափանիշներին համապաստախան օդանավական, ենթակառուցվածքները և հիմա պատրաստ են ընդունել նման ավիաընկերության: «Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանին հնարավորություն է տալիս կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ: «Qatar Airways»-ն էլ թույլ է տալիս ապահովել այդ կապը:  Սա լավ առիթ է ոչ միայն սփյուռքահայերին Հայաստան բերելու, այլև զբոսաշրջիկներին»,-ընդգծեց Մարսելո Վենդեն:

Նրա խոսքով` մեծ թվով մարդկանց Հայաստան բերելու լավագույն խթանը կարող է լինել տարբեր երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը: «Մենք արդեն երկար ժամանակ աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի շատ երկրների հետ վիզաները դյուրացվեն: Հայաստանը շատ երկրներից դեռ վիզա է պահանջում, մենք պետք է ճկունություն մտցնենք, ինչպես անում է հարևան Վրաստանը` վիզաներ չպահանջելով, որպեսզի զբոսաշրջիկներ ներգրավի»,-ասաց Մարսելո Վենդեն:

Share