Բաժին. Բիզնես

Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը վտանգված է՝ երկրի հյուրանոցները դատարկ են

Թուրքիայում հյուրանոցների բեռնվածությունը եւ այնտեղ բնակության գները շարունակում են նվազել: Ապրիլին Ստամբուլում հյուրանոցների բեռնվածությունը, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 32 տոկոսով: Դա վերջին 10 տարիներին ամենամեծ անկումն է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի հյուրանոցատերերի միության հրապարակած տվյալներին:

Նշվում է, որ այս տարվա ապրիլին Ստամբուլում հյուրանոցների միջին բեռնվածությունը կազմել է 50 տոկոսից քիչ ավելի, ինչն այդ ժամանակաշրջանում Թուրքիայի տարածքով մեկ ամենացածր ցուցանիշն է:

Ապրիլին Թուրքիայում, անցյալ տարվա համեմատ, կենվորների թիվը 22 տոկոսով կրճատվել է: Դրա հետ միասին, հյուրանոցների միջին բեռնվածությունը գնահատվում է 52 տոկոսից ոչ ավելի:

Թուրքիայում հյուրանոցներում տեղավորման գները, անցյալ տարվա համեմատ, մոտ 14 տոկոսով ընկել են: Անթալիայում միջին հաշվով հյուրանոցում համարն արժե 58 եվրո, այն դեպքում, երբ 2015 թվականի ապրիլին այն արժեր 68 եվրո: Ստամբուլում հյուրանոցում գիշերելը 2015 թվականի ապրիլին արժեր մոտ 130 եվրո, իսկ այս տարի` մոտ 115 եվրո (մոտ 12 տոկոսով պակաս):

Թուրքիայի հյուրանոցատերերի միությունը 2016 թվականի ապրիլի 25-ին հայտնել էր, որ երկրի հյուրանոցները մարտին ցուցադրել են վերջին մի քանի տարիներին ամենացածր բեռնվածության տոկոսը:

Թուրքիայում զբոսաշրջության ոլորտն զարգացում էր ապրում հիմնականում ռուսաստանցի եւ գերմանացի զբոսաշրջիկների հաշվին: Թուրքական զբոսաշրջության ոլորտում ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Գերմանացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա խիստ կրճատվել է այդ երկրում ահաբեկչական գործողությունների հավանականության աճի պատճառով` կապված թուրք-քրդական բախումների հետ:

Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում ընթացիկ տարում Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:

Share