Բաժին. Բիզնես

Գալիք աշնանը Mercedes-Benz-ը կներկայացնի Tesla X-ի մրցակցին

Այս տարվա աշնանը, Փարիզում կայանալիք ավտոշուի շրջանակներում, գերմանական Mercedes-Benz-ը կներկայացնի էլեկտրամեքենայի կոնցեպտ, որը կարող է դառնալ Tesla Model X-ի մրցակիցը։ Կոնցեպի նոր դիզայնը կարտացոլի Mercedes-Benz-ի պատկերացումը էլեկտրամեքենաների արտաքին տեսքի վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն մեքենան կարող է արտադրության դրվել 2019թ․-ին։

Կոնցեպի հիմքում ընկած կլինի EVA պլատֆորմը, որի վրա կտեղադրվի 400 կգ կշռող մարտկոցը։ Նման մարտկոցը հնարավորություն կտա ամբողջական լիցքավորմամբ անցնել 500 կմ։

Այստեղ պետք է նշենք, որ Mercedes-Benz-ն արդեն իսկ արտադրում է B 250 e մոդելը, որը երթևեկում է և բենզինային, և էլեկրական շարժիչներով։ Մոդելի էլեկտրական մարտկոցի հզորությունը թույլ է տալիս անցնել 200 կմ։

Mercedes-ի էլեկտրական մեքենաների պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1906թ․-ին։ Էլեկտրաէներգիայով աշխատող մեքենա արտադրելու փորձերը շարունակվել են նաև ավելի ուշ։ Նկարում ներկայացված է 1982թ․ T-Modell Elektro-Antrieb ունիվերսալը։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share