Բաժին. Բիզնես

Կիրառությունից հանվում են 2012 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները

Կառավարության որոշմամբ 2016 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից կհանվեն Հայաստան ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող` դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2012 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ որոշմամբ՝ 2012 թվագրման ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետը սահմանվում է մինչև 2018 թվականի հունվարի մեկը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ շատ են արդյոք 2012 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, Միրումյանը խոստացավ ճշտել և տվյալները ներկայացնել: Նրա խոսքով՝ այս տարվանից 2012 թվագրման դրոշմանիշներ չեն տրամադրում, և խոսքը վերաբերվում է արդեն շրջանառության մեջ գտնվող ապրանքներին: «2012 թվագրով այլևս չենք պատվիրում, պատվիրում ենք 2015, 2016 թվականի դրոշմանիշեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Հովիկ Աբրահամյանըն իր հերթին ավելացրեց, որ եթե 2012 թվագրով ապրանքների թիվը մեծ է, չարժե անվավեր ճանաչել: ՎախթանգՄիրումյանը նշեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: «Ես կասկածում եմ, որ 2012 թվականի դրոշմապիտակով չորս տարի ալկոհոլային խմիչք լինի խանութում: Պետք է հասկանալ հարցը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Share