Բաժին. Բիզնես

Ռալֆ Յիրիկյան. եթե Արցախի ռոումինգը հանենք՝ կզրկվենք լիցենզիայից

Yerkir.am-ը Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից փորձել է ճշտել, թե ինչ խնդիրներ են խոչընդոտում դեպի ԼՂՀ ռոումինգի վերացմանը։

«Այս օրերին, երբ Արցախում իրավիճակը լարված էր, բազմաթիվ բողոքներ էին հնչում, որ Հայաստանում գործող բջջային օպերատորները պետք է հանեն ռոումինգի ծառայությունը Հայաստանի և Արցախի միջև:

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` առաջիկայում նման քայլ արվի, և ի՞նչ խնդիրներ են խոչընդոտում, որպեսզի ռոումինգը հանվի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ իրենք, ինչպես և մյուս օպերատորները, լիցենզավորված են, որ գործեն ՀՀ տարածքում, և այլ տարածք մտնելիս իրենք պարտավոր են ենթակվել Միջազգային բջջային կազմակերպության օրենքներին:

«Հիմա կարող է հարց բարձրանալ, թե Արցախն ու Հայաստանը մեկ են, ինչո՞ւ է գործում ռոումինգը, բայց այդ ժամանակ էլ ես կարող եմ հակահարց տալ և ասել, որ` եթե մեկ են, ո՞վ կարող է ինձ բացատրել` ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, բանակ, ԱԺ… Ռոումինգը վերացնելու հարցն այնքան էլ հեշտ չէ, ավելին` շատ դժվար է և փոխկապակցված մի շարք պարտավորությունների հետ: Մենք գործում ենք միջազգային բջջային կազմակերպության օրենքների և նորմերի ներքո»,- ասաց Յիրիկյանը:

Ինչ վերաբերում է ռոումինգի սակագնի իջեցմանը, ապա Յիրիկյանը նշեց, որ այն կարգավորվում է պայմանագրային հիմունքներով, և եթե այսօր` որպես օպերատոր, ցանկությունը հայտնեն նվազեցնել միջազգային ռոումինգի սակագինը, դա կվնասի Արցախում գործող օպերատորներին: «Մենք չենք կարող իջեցնել մեր սակագինն ավելի ցածր, քան տեղում գործող օպերատորի սակագինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքեք *101*համարը#, կխոսեք 25 դրամով, և դա հաշվարկվում է վայրկյանով, այլ ոչ թե կլորացվում է րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, բայց, չնայած դրան, մենք ուզում ենք մի փոքր էլ նվազեցնել սակագինը»,- ասաց նա:

Յիրիկյանը նշեց նաև, որ սակագինը մի փոքր էլ նվազեցնելու համար հիմա գնում են բանակցություններ, որ փորձեն ինչ-որ ելք գտնել: Նա նշեց, որ անձամբ հանդիպել է զինվորների հետ, և նրանք էլ բարձրացրել են այս խնդիրը: Յիրիկյանը զինվորներին խոստացել է մի քանի ամսվա ընթացքում, բանակցությունների արդյունքում, ինչ-որ ելք գտնել:

«Ես պատրաստ եմ ամեն ինչի` հանուն մեր ժողովրդի, բայց երբ խոսում ենք բիզնեսի մակարդակով, պետք է հասկանանք, որ կան բաժնետերեր, միջազգային կազմակերպություններ և օրենքներ: Եթե հարցնեք` իսկ մեր հայ զինվո՞րը, ես հետևյալը կարող եմ պատասխանել, որ մենք ամենախոշոր հարկատուն ենք Հայաստանում, մենք հարկ ենք վճարում, որից էլ ծախսում են զինվորի կարիքների համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ մենք անտարբեր ենք զինվորի հանդեպ, մենք այլ ծրագրեր էլ ունենք, որն անմիջապես օժանդակում է խրամատում կանգնած հայ զինվորին»,- ասաց նա:

Yerkir.am-ի ճշտմանը` այսինքն` եթե ռոումինգը հանե՞ն, օրե՞նք են խախտում, որի հետևանքով հնարավոր է լիցենզիայից զրկվել, Յիրիկյանը պատասխանեց` այո, եթե իրենք ռոումինգը հանեն և Արցախը համարեն Հայաստանից անբաժանելի դաշտ` հեռահաղորդակցության առումով, օրենք են խախտում և արդյունքում` լիցենզիայից կզրկվեն:

«2005-ի սկզբին, երբ անդամակցեցինք Միջազգային բջջային կազմակերպությանը, նրանք մեզ ասել են, որ եթե մենք գործունեություն ծավալենք Արցախի տարածքում, կզրկեն լիցենզիայից»,- ասաց Յիրիկյանը:», – գրում է պարբերականը։

Share