Բաժին. Բիզնես

Ինչո՞ւ են նվազել հեռահաղորդակցական օպերատորների եկամուտները և հարկերը

Պետական Եկամուտների Կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ 2016թ․ հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի և տուրքերի ցուցանիշներով: Առաջին 100 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկվել են նաև Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունները՝ Beeline-ը, VivaCell-MTS-ը, Ucom-ը և Orange-ը (վերջինս այժմ Հայաստանում գործում է որպես Ucom-ի բիզնեսի մաս՝ պայմանավորված Ucom-ի կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերմամբ):

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ երկու տարիների համադրելի ժամանակահատվածների համեմատ, վերը նշված ընկերությունները կրճատել են պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Այսպես, 2015 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ Beeline, VivaCell-MTS, Ucom և Orange ընկերությունների կողմից վճարված հարկերն ու տուրքերը կրճատվել են շուրջ 3.5%-ով, իսկ 2014 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ՝ 38%-ով:

Եթե այս ընկերությունների կողմից պետբյուջե վճարված հարկերի ցուցանիշները դիտարկենք առանձին-առանձին, ապա պատկերը կլինի այսպիսին. 2016 թվականի հունվար-հունիսին Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) պետբյուջե է վճարել 5.931 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 7.760 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի հունվար-հունիսին՝ 8.599 մլրդ դրամ:

Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) պետբյուջե է վճարել 4.782 մլրդ դրամ: 2015 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, իսկ 2014 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ վճարված հարկերն և տուրքերը կրճատվել է շուրջ 2 անգամ:

Միևնույն ժամանակ, Օրանժ Արմենիան (Orange) 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե է վճարել 0.782 մլրդ դրամ: 2015 թվականի առաջին կեսին ցուցանիշը կազմել էր 1.777 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի առաջին կեսին՝ 2.458 մլրդ դրամ: Յուքոմ (Ucom) ընկերությունն այս տարվա առաջին կեսին պետբյուջե է վճարել 2.567 մլրդ դրամ: 2015 թվականի հունվար-հունիսին ցուցանիշը կազմել էր 0.745 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի հունվար-հունիսին՝ 1.417 մլրդ դրամ: Յուքոմի և Օրանժի հարկերի ընդհանուր ծավալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ucom-ը միակ օպերատորն է, որի մուծած հարկերը 2015թ.-ի համեմատ աճել են։

Ինչպես փաստում են ՊԵԿ-ի կողմից ներկայացված տվյալները՝ նախորդ տարիների համեմատ այս չորս ընկերությունների մոտ առավել զգալի կրճատվել են անուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտային հարկ): Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների մոտ եկամուտների անկում է, ինչն առավել պարզ կարելի է դիտարկել բջջային կապի ծառայությունների մասով:

Այսպես, ՀՀ բջջային օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին եռամսյակում, 2015 թվականի նույն ժամանակահտվածի համեմատ, ընկերությունների գրանցած հասույթը կրճատվել է 2.85-ից 16.37%-ով, իսկ 2014 թվականի համեմատ անկումը կազմել է 10.89-ից 17.43%։ Միևնույն ժամանակ, բջջային բաժանորդների թիվն աճել է: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 0.79%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 3.38%-ով։ Այս դեպքում ինչո՞վ է բացատրվում բջջային ծառայություններից ստացվող եկամուտների անկումը:

Օպերատորների կողմից հրապարակված ARPU և ծառայությունների ծավալների տվյալների ու ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ հեռահաղորդակցական օպերատորների հասույթի և, հետևաբար, հարկերի կրճատման հիմնական պատճառը հագեցած շուկայի և սուր մրցակցության պայմաններում ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների գների զգալի նվազումն է։ Հասույթի անկմանն է նպաստում նաև ձայնային տրաֆիկի որոշակի նվազումը, ինչը համաշխահային միտում է՝ պայմանավորված շարժական ինտերնետի զարգացմամբ։

Առաջիկայում կանրադառնանք նաև ամրակցված կապի և ինտերնետի ոլորտների միտումներին և ֆինանսական ցուցանիշներին, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ «Բիզնես 24»-ի հրապարակած «Բջջային բաժանորդների քանակը Հայաստանում» և «Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում» հոդվածաշարերի վերջին հրապարակումներին։

Share