Բաժին. Բիզնես

Ինտերնետի միջոցով շահումով խաղերի կազմակերպումը կլիցենզավորվի

Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրի հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն: Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:

Share