Բաժին. Բիզնես

Made in Armenia – 2016 ցուցահանդեսին կմասնակցեն նաև կարևոր արտասահմանյան շուկաների ներկայացուցիչներ

«Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 320 ընկերություն Հայաստանից և Արցախից: Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը: «Ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Այս ցուցահանդեսը հանդիսանում է վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրական ներուժը ցուցադրող ամենախաշոր միջոցառումներից մեկն է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հիմնադրամը լուրջ աշխատանքներ է տարել այս միջոցառումը կազմակերպելու համար, և կարող եմ հայտնել, որ մենք հասել ենք նրան, որ բավականին մեծ հետաքրքրություն ենք ստեղծել ցուցահանդեսի նկատմամբ: Ունենք ավելի քան 320 մասնակից Հայաստանից և Արցախից, մեծ հետաքրքրություն կա նաև արտերկրից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մկրտչյանը:

Նա հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել են Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող շուկաներից: «Գալու են գործարար, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ, ներդրողներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ»,- ընդգծեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Կարեն Մկրտչյանի խոսքով` ցուցահանդեսը լավ հարթակ է նաև գործարար կապերի հաստատման ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման տեղական արտադրողների օտարեկրյա ներդրողների, դիստիբյուտորների միջև համագործակցություն սկսելու համար:

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 19-22-ը, «Մերիդիան» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության ադյունքների ու ներուժի մասին և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ:

Share