Բաժին. Բիզնես

Հայկական 3 բիզնես գաղափար կմասնակցի Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրին

Climate Launchpad Հայաստան ծրագրի շրջանակում, որը  միտված է բացահայտելու եւ խրախուսելու մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում գործող հայկական ստարտափներին, 13 ներկայացված գաղափարներից 3-ը կներկայացվեն Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը կայանալիք Climate Launchpad ծրագրի եվրոպական եզրափակիչ մրցույթին:

Այս մրցույթում առաջին երեք հաղթող թիմերին կտրվեն 10000, 5000, եւ 2500 եվրո դրամական պարգեւներ, եւս 10 ստարթափներ հնարավորություն կունենան մասնակցելու CLIMATE-KIC ակսելերացիոն ծրագրին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ողջունեց ծրագիրը` ընդգծելով վերջինիս կարեւորությունը տնտեսության առաջխաղացման համար:

«Շատ ողջունելի է, որ այս  մրցույթին հնարավորություն է տրվում թիմերին մասնակցել գաղափարի մակարդակով, որովհետեւ հիմնականում հենց գաղափարն է, որ տնտեսության շարժիչ ուժն է: Սա նաեւ հնարավորություն է տալիս, որ հայկական միտքն ի ցույց դրվի եվրոպական երկրներին, եւ ես գրեթե վստահ եմ, որ  հաղթող 3 մասնակիցներն իրենց տեղը կգտնեն եւ կնպաստեն տնտեսական աճին իրենց գաղափարի ներդրմամբ:  Հուսով եմ նաեւ,  որ այն թիմերը, որոնք այդ եռյակում չեն լինի, կշարունակեն պայքարել  իրենց մտքերն ի կատար ածելու եւ տնտեսության ճյուղերում ներդնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց   էմիլ Տարասյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ  էներգետիկայի ոլորտը եւ կլիման ուղղակիորեն կապված են միմյանց հետ:

«Արտանետումների 70 տոկոսը Հայաստանում  էներգետիկայի արդյունքն է`  նկատի ունենալով տրանսպորտը, բնակարաններում օգտագործվող էլեկտրաէնեգիան, գազը,  եւ այլն: Բնական է, որ էներգետիկայի դերը կլիմայի փոփոխության գործում առանցքային է: Մենք մեր էներգետիկ քաղաքականության կարեւորագույն անկյունաքարերից մեկն ենք համարում էներգախնայողությունը, որի խթանման ուղղությամբ տարբեր քայլեր ենք ձեռնարկել  եւ հանրային, եւ մասնավոր սեկտորում: Այդ իսկ պատճառով կարեւոր ենք համարում նոր տեխնոլոգիաների զարգացումը եւ մասնավոր սեկտոր ներգրավումը այդ գործընթացներին: Ցանկանում ենք ծանոթանալ այդ  գաղափարներին եւ աջակցել, բերել ինչ-որ տրամաբանական արդյունքի»,- ասաց Հայկ Հարությունյանը: 

Աննա Սիմոնյանը ներկայացնում է C-GLASS ստարթափ թիմը, որն առաջարկում է  ապակու վրա էներգախնայող թաղանթի նստեցման նոր տեխնոլոգիա, ինչը թույլ  կտա խնայել 90 տոկոս էներգիա:

«Մեր թիմը բաղկացած է 3 հոգուց: Թիմի ավագ Ժոզեֆ Փանոսյանը երկար տարիներ է` փորձել է նմանատիպ հատկություններ ունեցող թաղանթ ստեղծել, որը նաեւ ունի ավելի էժան պատրաստման եղանակ: Թիմի հնարավորությունները բարձր եմ գնահատում, քանի որ եթե կարողանանք փոխել բոլոր շենքերի ապակիները, ապա այդ դեպքում իրոք հնարավոր կլինի խնայել էներգիա: Մեկ միջին չափի տան համար մենք կկարողանանք խնայել 682 կգ ածխաթթու գազ, իսկ մոտ 1 հինգ հարկանի շենքի համար տարեկան 50 տոննա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրի մասնակիցը:

SmarterWheels ստարթափ թիմն էլ առաջարկում է 95 տոկոս ռետինի օգտագործման նվազեցմամբ գործող անվադողեր: Գաղափարն, ըստ թիմի անդամ Սուրեն Էդիլյանի, առաջինն է աշխարհում:

«Անիվները չունեն օդային բարձիկ եւ հետեւաբար չեն ծակվում, ինչպես նաեւ բեռնատարների դեպքում հնարավորություն ունեն կշռել բեռը առանց հավելյալ կշեռքների»,- նշեց ստարթափ թիմի անդամը:

Share