Բաժին. Բիզնես

Վահան Մարտիրոսյանը մասնակցեց Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին մասնակցեց Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովին։

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ նախարարը նշեց, որ  Ինտերնետ կառավարման հայկական համաժողովը պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է:

«Վստահ եմ, որ այս համաժողովի  շրջանակներում մեկտեղված  Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը  լայն հնարավորություններ կտա  նոր գործնական կապեր ստեղծել, դրանք ամրապնդել և հաստատել, նոր դռներ բացել միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար։ ՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը»,- նշեց Վ. Մարտիրոսյանը:

Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակիցների թվում են «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ  Դոնկը,  հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

«ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևն ընդգծեց, որ Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում և հույս հայտնեց, որ  հայ հետազոտողները, մասնագետներն ու գործարարներն ավելի ակտիվ կներգրավվեն այս ոլորտում: «Անցած տարվա մեր գործունեությունը շատ բարեհաջող էր, ակնկալում ենք, որ այս տարի ևս այն կունենա դրական արդյունքներ»,- նշեց Մ. Յակուշևը:

Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկի խոսքով` պետք է առաջ մղել ինտերնետի ներթափանցումը հասարակության բոլոր շերտեր:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին և քննարկմանը ներկայացված  թեմաներին՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ դրանք ընտրվել են ինտերնետ հանրության կողմից՝ եռամսյա քննարկումների արդյունքում։

Թեմաները բազմազան ու  տարաբնույթ են։  Երկօրյա համաժողովի ընթացքում  կներկայացվեն զեկույցներ  «ՏՏ աշխատաշուկայի  մարտահրավերները» , «Սոցիալական ցանցերը՝ որպես բիզնես գործիք», «Անձնական տվյալների պաշտպանության կիրառումն առօրյայում» և այլ թեմաներով։

Share