Բաժին. Բիզնես

Ո՞վ կգլխավորի Գազպրոմ Արմենիան Վարդան Հարությունյանի հեռանալուց հետո

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել, թե ով կգլխավորի Գազպրոմ Արմենիան։

«Թեև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի՝ աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա, բայց երեկ արդեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը հրաժեշտ է տվել «Գազպրոմի» աշխատակիցներին։ ՊԵԿ-ում սեղան են գցել ու սպասել նրան, սակայն նոր նախագահն այդպես էլ չի ժամանել։ Ավելի ուշ բացատրել են, որ նախագահն ԱՄՆ-ից կվերադառնա, նոր կներկայացնի ՊԵԿ նախագահին։ Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ դառնալու դեպքում թափուր է մնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի պաշտոնը։ Մինչ այս տեղեկություններ կային, թե այս պաշտոնին կարող է նշանակվել Կարեն Կարապետյանի որդին՝ 29-ամյա Տիգրան Կարապետյանը, որը տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով, կամ էլ փեսան՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Սակայն երեկ տեղեկացանք, որ հավանական թեկնածուն Հարությունյանի տեղակալ Հրանտ Թադևոսյանն է։ Նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է «Հայկոմնախագիծ» ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, ՀՍՍՀ Գազպետկոմում։ 1992-1999 թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ որպես ճարտարագետ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ։ 1999-2011 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետ, այնուհետև տնօրենի տեղակալ», – գրում է պարբերականը։

Share