Բաժին. Բիզնես

Սամվել Կարապետյանի կողմից 300 մլն դոլարի ներդրում կատարելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Այսօր Հրապարակ օրաթերթը տեղեկություն էր հայտնել, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը սկսում է 300 մլն դոլարի ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանում։ Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն: Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում: Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին»:

Share