Բաժին. Բիզնես

Մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը

Հոկտեմբերի 24-ին՝ Երևանում, Արևելյան գործընկերության անդամ երկրների բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ համաժողովի պաշտոնական բացման ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել են Հայաստանում EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների մեկնարկը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում ասել է. ««ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որը մեկնարկում է այսօր, Հայաստանը դարձնում է տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների առանցքը: Վերջիններս ներկայացնում են Եվրոպական միության դերը և աջակցությունը՝ ուղղված տնտեսական զարգացմանը, նորարարությանը և բիզնեսներին Արևելյան գործընկերության բոլոր երկրներում: Խորհրդանշական է միջոցառումների շաբաթը մեկնարկել բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով: ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին, տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու անձամբ իմ անունից ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մրցունակ և արդյունավետ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է։ Եվ այսօրվա համաժողովը արժևորվում է նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության իրագործման տեսանկյունից, հաշվի առնելով, որ դրան կհաջորդեն տնտեսական, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, զարգացմանը և ուժեղացմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնք կներառեն գործընկեր երկրներում մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացմանն ուղղված երկկողմ և տարածաշրջանային ծրագրեր: Այս միջոցառումները լավագույն արտացոլումն են մեր փոխադարձ շահագրգռվածության և միասնական նպատակի՝ բարեհաջող ընթացք տալ համատեղ ծրագրրի իրականացմանը և գնալ առաջ՝ ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը»։

Հոկտեմբերի 24-ից 28-ը անցկացվելիք EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՓՄՁ-ներին): Տեղի կունենան նաև մի շարք այլ միջոցառումներ` ուղղված մասնավոր-հանրային հատվածների միջև երկխոսության խթանմանը՝ ի շահ Արևելյան գործընկերության երկրներում և Հայաստանում գործող բիզնեսների:

Այսօր մեկնարկած Բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ համաժողովի հիմքում նորարարությունն է՝ որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք: Համաժողովի շրջանակում պաշտոնապես կգործարկվի նաև «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» վեբկայքի պիլոտային տարբերակը, որը կոչված է բիզնեսներին ուղղված ԵՄ աջակցությունն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելու: Կարճ ժամանակահատվածում կգործարկվեն նաև EU4Business կայքէջեր՝ մշակված անդամ երկրների համար իրենց լեզուներով:

Համաժողովի պաշտոնական բացման արարողությունից անմիջապես հետո տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկու և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ամփոփել են Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության արդյունքները, ներկայացրել առաջիկա ծրագրերը և նախանշել փոխգործակցության հեռանկարները, այդ համատեքստում ընդգծելով Երևանում մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» մեկշաբաթյա միջոցառումների կարևորությունը։

Հոկտեմբերի 26-ին անցկացվելիք ՓՄՁ ֆինանսավորման վերաբերյալ սեմինարի շրջանակում կներկայացվեն փոքր բիզնեսների համար արժեքի ստեղծման գործիքներ: Կքննարկվեն թեմաներ առնչվող  նաև դրամական միջոցների հոսքերի վերլուծությանը, մասնավոր ներդրումներին, պարտքի և վարկային ռիսկի վերլուծությանը՝ որպես ֆինանսական ռիսկերը մեղմելու, ներդրումներ գրավելու և ՓՄՁ զարգացման ոլորտում ավելի մեծ հաջողությունների հասնելու կարևոր գործիքներ:

Հոկտեմբերի 27-ին անցկացվելիք East Invest՝ «Արևելյան ներդրումներ» գործընկերների 2-րդ ամենամյա համաժողովը կներկայացի հանրային-մասնավոր հատվածների միջև համագործակցությունը՝ որպես բիզնես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խթան: EU4Business  շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 28-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի պաշտոնական մեկնարկով:

Բոլոր միջոցառումներին ներկա կլինեն Հայաստանում զարգացման կառույցների գործընկերներ, միջազգային կազմակերպությունների և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Աջակցություն կայուն զարգացմանը Արևելյան գործընկերության անդամ երկրներում» բարձր մակարդակի միջազգային համաժողով:

Կենտրոնական, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման կառույցների ներկայացուցիչները կհանդիպեն Երևանում՝ քննարկելու Արևելյան գործընկերության անդամ երկրներում կայուն քաղաքային զարգացմանն ուղղված նոր ԵՄ նախաձեռնություններ և գործիքներ, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում լավագույն փորձը:

Համաժողովի ընթացքում Քաղաքապետերի դաշնագրին միացած Արևելյան գործընկերության անդամ երկրների 25 քաղաքների քաղաքապետեր՝ ներառյալ 4 քաղաքապետ Հայաստանից, կմիանան Քաղաքապետերի նոր դաշնագրին, որն ուղղված է կլիմայի փոփոխությունների կանխարգելմանը և էներգախնայողության զարգացմանը:

Share