Բաժին. Բիզնես

Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած ողջամիտ առաջարկ

«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած խելամիտ առաջարկ կառավարությունը քննարկման առարկա կդարձնի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե նպատակահարմար չի՞ համարում «Նաիրիտ»-ի հարցով զբաղվելու համար կառավարությունում աշխատանքային խումբ ստեղծել: «Ես աշխատանքային խումբ ստեղծելը նպատակահարմար չեմ համարում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և չեմ կարծում, որ հավելյալ աշխատանքային խմբի կարիք կա: Կլինեն ողջամիտ առաջարկներ, մենք կքննարկենք: Եթե կոնկրետ առաջարկին մեր պատասխանը կոմպետենտ չի լինի, մեզ կքննադատեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ մինչ այս պահը եղած առաջարկների վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ իրենք այսուհետ կառավարության կայքում հրապարակելու են ստացված բոլոր առաջարկները, որպեսզի հանրությունն էլ տեղեկանա և հասկանա՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում և որքանով են արդիական:

Share