Բաժին. Բիզնես

Forbes. Սքարլեթ Յոհանսոն՝ 2016 թվականի ամենաշահութաբեր դերասանուհի

Forbes հանդեսը Սքարլեթ Յոհանսոնին ճանաչել Է «2016 թվականի համաշխարհային կինովարձույթի ամենաշահութաբեր դերասանուհին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վերջին 12 ամսվա ընթացքում նրա մասնակցությամբ ֆիլմերը, ներառյալ «Ամերիկայի կապիտանը. քաղաքացիական պատերազմ» կինոնկարը եւ Քոեն եղբայրների «Կեցցե կայսրը» ֆիլմը համաշխարհային վարձույթում միագումար հավաքել են 1,2 մլրդ դոլար:

«Մարվել» ֆիլմում Յոհանսոնի խաղընկերներ Քրիս Էվանսը եւ Ռոբերտ Դաունի կրտսերը երկրորդ տեղն են բաժանում՝ յուրաքանչյուրը 1,15 մլրդ դոլարով:

Անցյալ տարի այս ցուցակը գլխավորում Էր Քրիս Փրեթը, իսկ 2014 թվականին՝ Ջենիֆեր Լոուրենսը:

Ամենամյա ցուցակը Forbes-ը կազմում Է Box Office Mojo-ի վարկածով համաշխարհային կինովարձույթի դրամամուտքերի տվյալների հիման վրա:

Ցուցակը կազմելիս հաշվի չեն առնվում այն անիմացիոն ֆիլմերի վարձույթի ցուցանիշները, որտեղ օգտագործվել են հայտնի դերասանների ձայները: Ամենաշահութաբեր դերասաններ կարող են դառնալ միայն ֆիլմերի գլխավոր դերերի կատարողները:

Ամենաշահութաբեր արտիստների հնգյակում տեղ են գտել նաեւ ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը նկարահանվել Է հաջողակ, բայց քննադատների կողմից ոչնչացված «Ինքնասպանների ջոկատը» կատակերգական մարտաֆիլմում, որը վարձույթում հավաքել Է 749 մլն դոլար, եւ Էմի Ադամսը, որը նկարահանվել Է «Ժամանում» եւ «Բեթմենն ընդդեմ սուպերմենի» ֆիլմերում:

Բրիտանացի դերասանուհի Ֆելիսիթի Ջոնսն այս ցուցակում դեբյուտել Է հիմնականում նոր «Աստղային պատերազմների» շնորհիվ, որը վարձույթ Է դուրս եկել այս ամսին, բայց մինչ այդ նկարահանվել Էր «Հրեշի ձայնը» ֆանտաստիկ ֆիլմում եւ «Ինֆեռնո» դետեկտիվ-թրիլերում:

Share