Բաժին. Բիզնես

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայկական շուկա մուտք գործելու առաջարկով դիմել է 40-ից ավելի ավիաընկերության

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լրազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը: Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:

Share