Բաժին. Բիզնես

Րաֆֆի Մեգերյան. Հայկական գորգերը մեծ պահանջարկ ունեն

Հայկական գորգերն աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը՝ նշելով, որ դրանք արտադրվում են Հայաստանում, բայց հիմնական սպառողը արտերկիրն է: «Գորգագործությունը դա մեր պատմությունն է: Հայկական գորգերը հնում գործել են մեր պապերը, մենք էլ ուզում ենք հայ մշակույթը, պատմությունը տարածել աշխարհով մեկ»,-ասաց նա:

«Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ն Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար  զբոսաշրջային շրջագայություններ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Այցելուները կարող են տեղում  այցելել անտիկ, ավելի քան հարյուր տարեկան և ավել հայկական գորգերի թանգարան-ցուցասրահ: «Մենք զարգացրեցինք և կիրառեցինք գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հայկական հին հանգույցը` ստեղծելով ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ հավելեց Մեգերյանը:

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ ավելի քան չորս սերունդ:

1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգմամբ և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները:

Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախկին, այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում: Նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության տեխնոլոգիաներին և հմտություններին: Այդպիսով նոր թափ հաղորդվեց հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը և զարգացմանը ՀՀ տարածքում:

Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին բրդյա թելերի ներկման բնական մեթոդները. բնական գույներ, որոնք ստացվում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից այնպես, ինչպես դա արվում էր հազարամյակներ առաջ:

Բացի Հայաստանից ընկերությունը արտադրություններ ունի նաև Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Ռումինիայում, իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ՝ ԱՄՆ – ում, Երևանում, Շվեյցարիայում, ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:

Share