Բաժին. Բիզնես

Վահան Մարտիրոսյանն այցելել է «Ռոստելեկոմ» ընկերություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն:

Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նախարարին ներկայացրեց վերջին տարիներին իրենց կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը:

«Ռոստելեկոմի» հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Ներկայում օպերատորի ծառայությունները հասանելի են  քաղաքային 47 բնակավայրերում, որից 19-ում կառուցվել է օպտիկամանրաթելային ցանց: «Ռոստելեկոմը» Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ծառայություն է մատուցում բնակչությանը «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիայով:

«Ռոստելեկոմ»-ի  ծածկույթն ընդգրկում է նաև գյուղական համայնքների մեծ մասը: Ակտիվ բաժանորդների թիվը 40.000 է:

Ձայնային ծառայություններ մատուցող օպերատորների հրապարակած պաշտոնական տվյալներով՝ ներկայում բաժանորդների աճ, ըստ էության, չի նկատվում. հիմնականում օպերատորների միջև վերաբաշխում է կատարվում: «Ռոստելեկոմի» պարագայում ինտերնետ օգտագործողների թիվը դեռ շարունակում է աճել:

Նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀ կառավարության` Գյումրի քաղաքի զարգացման ծրագրին և այդ խնդրում մասնավոր ընկերությունների դերակատարությանը: «Ես բոլոր մասնավոր ընկերություններին, այդ թվում «Ռոստելեկոմ»-ին հորդորում եմ ակտիվ լինել  և ներդրում ունենալ այս գործում: Խնդրում եմ նկատի ունենալ դա ընկերության 2017-18 թվականների ծրագրերում»,-ասաց նախարարը:

Ընկերության տնօրենի խոսքով` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսակետից ընկերությունն արդեն իսկ իրականացնում է կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր:

Մասնավորապես, համագործակցում են բուհերի հետ` ուսանողների համար պրակտիկ աշխատանքներ կազմակերպելով ընկերության տարբեր ստորաբաժանումներում:

«Ռոստելեկոմի» մասնագետները դասախոսություններ են կարդում համապատասխան ֆակուլտետներում` սկսած տեխնիկական թեմաներից, մինչև մարքեթինգ, վաճառքի հմտություններ և բիզնեսի կառավարում:

«Այս տարվա ընթացքում ընկերության կողմից նախատեսվում է փոքր լաբորատորիաների բացում  3 համալսարաններում, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիրառել տեսական գիտելիքները»,- հայտնեց Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմի» աջակցությամբ իրականացվում է նաև «Ինտերնետի այբբենարան» ծրագիրը, որի շրջանակներում կատարվում է մեծահասակների՝  ինտերնետից օգտվելու հմտությունների ուսուցում։  Մեկ այլ ծրագրով ընկերության օժանդակությամբ երեխաներին սովորեցնում  են ինտերնետից անվտանգ օգտվելու կաննոները:

Քննարկման փուլում են «Ռոստելեկոմ»-ի հետ իրականացվելիք երկու կարևոր ներդրումային ծրագրեր: Ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծումը, որը կլինի եզակի և ամենամեծը տարածաշրջանում:

«Նախատեսվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում վերջնական որոշում կայացնել ներդրումային ծրագրի վերաբերյալ»,- հայտնեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության գլխավոր տնօրենը:

Այս տարի ընկերությունը 1 միլիարդ 217 միլիոն դրամի ներդրում կկատարի, որի մեծ մասը կուղղվի ցանցի ընդլայնմանը: Նախարարը «Ռոստելեկոմ»-ի  ղեկավարությանը հորդորեց մեծացնել ներդրումների ծավալը, որպեսզի տնտեսությունն աշխուժանա:

Համադրելով նախարար Վահան Մարտիրոսյանի՝ հեռահաղորդակցության ընկերություններ այցերի արդյունքները, հաջորդիվ կքննարկվեն բարձրացված հիմնախնդիրներն ու շուկայի զարգացման բոլոր խոչընդոտները` դրանք շտկելու ուղղությամբ քայլեր իրականացնելու համար:

Share